Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցում
Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ծրագրի նպատակն է բարելավել ջրային ռեսուրսների կառավարումը և բարձրացնել ոռոգվող գյուղատնտեսության կայունությունը Արարատյան դաշտավայրում՝ լրացուցիչ վերականգնվող ջրային ռեսուրսների ստեղծման և ոռոգման համակարգերի արդիականացման միջոցով։ Ծրագիրը կնպաստի գյուղատնտեսական նշանակության հողերի արդյունավետ օգտագործմանը, գյուղատնտեսական արտադրության աճին և ջրային ռեսուրսների կայուն ու արդյունավետ կառավարմանը։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 90 մլն եվրո, որից 75 մլն եվրոն տրամադրվել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) վարկային միջոցների հաշվին, իսկ 15 մլն եվրոն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորման շրջանակում։
Ծրագրի իրականացումը մեկնարկել է 2016 թվականին։ Հիմնական շինարարական աշխատանքներն իրականացվել են 2017 թվականի մարտի 1-ից մինչև 2025 թվականի հունիսի 30-ը, իսկ ջրամբարի ջրալցման մեկնարկը նախատեսված է 2026 թվականին։
Ծրագրի հիմնական նպատակները
- մեխանիկական ոռոգման համակարգերի փոխարինում ինքնահոս ոռոգմամբ,
- ոռոգման ջրապահովվածության մակարդակի բարձրացում,
- Սևանա լճից ոռոգման նպատակով իրականացվող ջրառի կրճատում,
- նոր հողատարածքների ներգրավում ոռոգման համակարգում,
- ոռոգման ջրի կորուստների նվազեցում,
- հուսալի և անխափան ոռոգման ապահովում։
Հիմնական բաղադրիչները
Ծրագրի շրջանակներում իրականացվել են հետևյալ աշխատանքները․
- Վեդու ջրամբարի կառուցում՝ 29,4 մլն մ3 ընդհանուր ծավալով, ներառյալ պատվարների և օժանդակ հիդրոտեխնիկական կառույցների կառուցումը,
- Վեդի և Խոսրով գետերի վրա ջրընդունիչ հանգույցների կառուցում,
- ջրի փոխադրման համակարգի կառուցում,
- ոռոգման համակարգի կառուցում,
- Վեդու ջրամբարի ազդեցության գոտում գտնվող և Վեդի գետից սնվող շուրջ 3220 հա հողատարածքների ներտնտեսային ոռոգման ցանցի մանրամասն նախագծի մշակում,
- փորձնական տարածքներում ներտնտեսային ոռոգման ցանցերի կառուցում և վերակառուցում՝ ժամանակակից ոռոգման տեխնոլոգիաների ներդրման նպատակով։
Ավարտվել են Վեդի և Խոսրով գետերի վրա ջրընդունիչ հանգույցների, ջրի փոխադրման համակարգի (ընդհանուր՝ 10,5 կմ երկարությամբ) և ոռոգման համակարգի (ընդհանուր՝ շուրջ 36,2 կմ երկարությամբ) նախագծման և կառուցման աշխատանքները։ Ծրագրի առանձին բաղադրիչի շրջանակներում կառուցվել են նաև ներտնտեսային ոռոգման ցանցեր Վեդու ջրամբարի և Վեդի գետի ազդեցության գոտում գտնվող շուրջ 580 հա փորձնական հողատարածքներում։
Ջրամբարի նկարագիրը
Վեդու ջրամբարը գտնվում է Արարատի մարզում՝ Վեդի գետի աջափնյա Կոտուց սելավատարի վրա։ Ջրամբարի սնուցումն ապահովվում է Վեդի և Խոսրով գետերի գարնանային վարարման/ազատ հոսքերի հաշվին։ Ջրամբարի ընդհանուր ծավալը կազմում է 29,4 մլն մ3։
Ակնկալվող արդյունքները
Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա մեխանիկական ոռոգման համակարգերից անցում կատարել ինքնահոս ոռոգման, որի արդյունքում տարեկան կխնայվի շուրջ 19 մլն կՎտժ էլեկտրաէներգիա։ Արդյունքում կապահովվի շուրջ 3220 հա հողատարածքների հուսալի և անխափան ոռոգում, շահագործումից դուրս կբերվեն 11 պոմպակայաններ, ևս 4 պոմպակայաններ կշահագործվեն մասնակի ծանրաբեռնվածությամբ, իսկ ոռոգման ցանցերում ջրի կորուստները կնվազեն շուրջ 20-25%-ով։
Միաժամանակ, ներտնտեսային ոռոգման ցանցերի կառուցումն ու արդիականացումը կնպաստեն ջրախնայող տեխնոլոգիաների, մասնավորապես՝ կաթիլային ոռոգման համակարգերի առավել լայն կիրառմանը։