Պատմություն

2001 թվականի փետրվարի 9-ին հիմնադրվել է Ջրային տնտեսության պետական կոմիտեն (Ջրային կոմիտե):

Նախապատմությունը

1990 թվականի դրությամբ՝ Խորհրդային Հայաստանում գործում էր Մելիորացիայի և ջրային տնտեսության մինիստրությունը, որի հիմնական գործառույթներից էին՝ ոռոգման, դրենաժային, ջրարբիացման համակարգերի, շատրվանող ու խորքային հորերի, ջրամբարների շահագործման, պահպանման և նորոգման աշխատանքները։ Այդ մինիստրությունը պատասխանատու էր նաև նոր օբյեկտների կառուցման, վերակառուցման, նախագծման, ջրային հիմնահարցերի ուսումնասիրման և հետազոտման, աղակալված հողերի աղազերծման համար։

Հետագայում, ջրային տնտեսության ոլորտի ընկերությունների ֆինանսական վերականգնման, նրանց կողմից սպառողներին մատուցվող ծառայությունների որակի բարելավման, սակագնային քաղաքականության կատարելագործման և ոլորտում տնտեսական բարեփոխումների իրականացման նպատակով ՀՀ կառավարության 09.02.2001 թ. N 92 որոշմամբ հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետության ջրային պաշարների և ջրային տնտեսության կառավարման բարեփոխումների հայեցակարգին, ինչպես նաև ստեղծվել է ՀՀ կառավարությանն առընթեր Ջրային տնտեսության պետական կոմիտեն, որը հետագայում անվանափոխվեց Ջրային կոմիտե։

Համաձայն ՀՀ Ջրային օրենսգրքի, Ջրային կոմիտեն հանդիսանում է ջրային համակարգերի կառավարման լիազոր մարմինը, որը ներկայումս գործում է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կազմում։

Այսօր Ջրային կոմիտեն, գյուղատնտեսության զարգացման նպատակով, ապահովում է ոռոգման ջրի ամբարումն ու մատակարարումը, դրենաժային ցանցերի շահագործումը, ինչպես նաև համակարգում է խմելու ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցումը։ Այս նպատակով Կառավարությունը, Ջրային կոմիտեի միջոցով և համակարգմամբ, տարեկան զգալի կապիտալ ներդրումներ է ուղղում ջրամբարների, մայր և երկրորդային ջրանցքների, պոմպակայանների, օրվա կարգավորման ջրավազանների, քլորակայանների, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցմանը, պահպանությանը և շահագործմանը՝ ի բարօրություն մեր երկրի ու ժողովրդի։