Ջրային ռեսուրսների համատեղված կառավարում. Ախուրյան գետ, փուլ 1
Կապսի կիսակառույց ջրամբարը գտնվում է Շիրակի մարզում՝ Գյումրի քաղաքից 22 կմ դեպի հյուսիս՝ Ախուրյանի գետահովտում: Առաջին փուլով («Ջրային ռեսուրսների համատեղված կառավարում/Ախուրյան գետ, փուլ 1» Ախուրյան գետ Փուլ 1») նախատեսվում է կառուցել ընդհանուր 25 մլն խոր մ ծավալով ջրամբար՝ հետագայում նպատակ ունենալով այն հասցնել 60 մլն խոր մ առավելագույն ծավալի։
Ծրագրում ներառված են հետևյալ հիմնական աշխատանքները․
- Կապսի ջրամբարի պատվարի և օժանդակ կառուցվածքների կառուցում,
- Ախուրյան գետի (Արփի լիճ ջրամբարից մինչև Ախուրյանի ջրամբար) հիդրոլոգիական դիտակետերի վերազինում, լրացուցիչ կայանների կառուցում և տվյալների կենտրոնացված բազայի ստեղծում (SCADA համակարգ)։
Ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանական վերականգնման վարկերի բանկի (KfW) վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 93.8 մլն եվրո, որից 25.3 մլն եվրոն՝ ՀՀ կառավարության համաֆինանսավորում, իսկ 68.5 մլն եվրոն՝ վարկային միջոցներ։ 2014 թվականի դեկտեմբերի 19-ին ստորագրված «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում/ Ախուրյան գետ, Փուլ 1»-ի վարկային համաձայնագրի շրջանակում տրամադրված 50 մլն եվրոյի մասհանման վերջնաժամկետն է 2026 թվականի դեկտեմբերի 30-ը։ 2017 թվականի դեկտեմբերի 12-ին ստորագրված «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում/ Ախուրյան գետ, Փուլ 2»-ի վարկային համաձայնագրի շրջանակում տրամադրված 18.5 մլն եվրոյի մասհանման վերջնաժամկետն է 2026 թվականի դեկտեմբերի 30-ը։
Ակնկալվող արդյունքները
- Ջրամբարի 25մլն մ3 ծավալով կառուցման արդյունքում կբարձրացվի Շիրակի մայր և Ախուրյանի աջափնյա ջրանցքների իշխման տակ գտնվող շուրջ 17.000 հա հողատարածքների ջրապահովվածության մակարդակը, ինչպես նաև հնարավորություն կստեղծվի 8 պոմպակայանների իշխման տակ գտնվող 2280 հա հողատարածքների մեխանիկական ոռոգումը փոխարինել ինքնահոս ոռոգման եղանակի՝ տարեկան խնայելով 1.3 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա։ Շահառու բնակավայրերի քանակը 29 է, իսկ շահառուների թիվը 41 հազար։
- Կանոնավոր ոռոգման արդյունքում կավելանա գյուղատնտեսական մթերքների արտադրությունը,
- Ջրաչափության հուսալի համակարգի տեղադրման արդյունքում կբարձրանա ջրային ռեսուրսների կառավարման և մոնիտորինգի մակարդակը։
- Կապսի անավարտ պատվարի և օժանդակ կառուցվածքների կառուցումն առաջին հերթին կապահովի ստորին բիեֆում գտնվող բնակավայրերի անվտանգությունը։
Ծրագրի ընթացքի մասին.
2023 թվականի ապրիլի 21-ին չինական «Շանսի Քոնսթրաքշն Ինվեսթմենթ Գրուպ Կո» և «Շանսի Հայդրոլիկ Քոնսթրաքշն Ինջինիրինգ Բյուրո Գրուպ» ընկերությունների հետ կնքվել է 74,2 մլն եվրո արժեքով Կապսի ջրամբարի և օժանդակ կառուցվածքների կառուցման շինարարական պայմանագիր։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հունիսի 9-ին՝ 34 ամիս տևողությամբ։ Շինարարական աշխատանքների դանդաղ տեմպերի և պայմանագրային պարտավորությունների խախտումների պատճառով 2026 թվականի փետրվարի 2-ին լուծվել է կապալառու կազմակերպությունների հետ պայմանագիրը։