«Դիմակայուն Սյունիք» ծրագրի Ջրամատակարարման բաղադրիչի նախապատրաստում

2025 թվականի հուլիսի 16-ին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) միջև «Հայաստան – Դիմակայուն Սյունիք ծրագիր» ԿԶԵՀ+ Հատուկ ներդրումային պատուհան 1» Ֆինանսական պայմանագիրը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 50 մլն եվրո է, այն բաժանված է երկու մասի՝ 25 մլն եվրոն նախատեսված է բնակավայրերի ջրամատակարարման համակարգերի բարելավման, մյուս 25 մլն եվրոն՝ կրթական և առողջապահական բաղադրիչների համար։ 

2026 թվականի փետրվարի 4-ին Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ), ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր՝ նպատակ ունենալով ապահովել «Հայաստան-Դիմակայուն Սյունիք» (RESYP) ծրագրի ջրամատակարարման բաղադրիչի նախապատրաստման խորհրդատվական ծառայությունների իրականացումը։

Խորհրդատվական ծառայությունների շրջանակում ԵՆԲ-ի կողմից տրամադրվող գումարով (2.7 մլն եվրո) իրականացվելիք Տեխնիկական աջակցության առաջադրանքն է լինելու աջակցել խմելու ջրամատակարարման բաղադրիչի համար ներդրումային ծրագրի պատրաստման գործում, որը կհամապատասխանի ակնկալվող պահանջներին, ներառյալ ԵՆԲ-ի ֆինանսավորման չափանիշները՝ հիմնված հստակ սահմանված ծրագրի շրջանակի, իրականացման պլանի և ծախսերի գնահատման վրա։

Ծրագրի իրականացումը բխում է ՀՀ կառավարության 2021–2026 թթ ծրագրի առաջնահերթություններից («Ջրային տնտեսություն», «Էներգետիկա», «Զբոսաշրջություն», «Առողջապահություն») և ուղղված է ենթակառուցվածքների արդիականացմանն ու համայնքների դիմակայունության ամրապնդմանը։

Տեխնիկական աջակցության շրջանակում նախատեսվում է ուսումնասիրել Սյունիքի մարզից նախապես ինդիկատիվ ընտրված 55 բնակավայրերի ջրամատակարարման համակարգերը և մշակել իրագործելի բնակավայրերի ջրամատակարարման սխեմաներ (համայնքային և գյուղական ջրամատակարարման համակարգերի ենթակառուցվածքների կառուցման, վերանորոգման և վերականգնման համար)՝ տեխնիկական և ֆինանսական գնահատականներով։

Ծրագրի նպատակը. 

Ծրագիրը միտված է Սյունիքի մարզում բնակչության համար հուսալի և անվտանգ խմելու ջրամատակարարման հասանելիության բարելավմանը, համայնքների սոցիալ-տնտեսական դիմակայունության բարձրացմանը, տեղահանված և տեղակայված ընտանիքների ինտեգրմանը, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացման միջոցով կայուն տնտեսական աճի խթանմանը։ Ծրագիրով մեծ ուշադրություն է դարձվելու ջրի կորուստների կրճատմանը, տնային տնտեսությունների համար հասանելիության ընդլայնմանն ու համակարգի ընդհանուր աշխատանքի և արդյունավետության բարելավմանը։

Ակնկալվող արդյունքները.

Ծրագրի արդյունքում, խմելու ջրի համակարգերի արդիականացմամբ կբարելավվի մարզում ծառայությունների հուսալիությունը: Այս ներդրումները կնպաստեն ոչ միայն բնակիչների կյանքի որակի, այլև տնտեսական ցուցանիշների բարելավմանը՝ նվազեցնելով ծառայությունների սահմանափակումներն ու աջակցելով ավելի կայուն և արդյունավետ տեղական համայնքներին: