Քննարկվել են ՀՀ կառավարության ծրագրերով ջրամբարաշինության ոլորտում իրականացված աշխատանքներն ու առաջիկա նախագծերը
փետրվարի 08, 2026
2026թ.-ի փետրվարի 6-ին Հանրային խորհրդի ՏԻՄ մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Քոթանջյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ՏԿԵ նախարարության Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանի, Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանի, ՀՀ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանի, ՀԽ անդամներ Վազգեն Ղազարյանի, Արմինե Մարգարյանի, Սուսաննա Խալաթյանի և Մարինա Մկրտչյանի մասնակցությամբ նիստ:
Նիստը վարել է ՀԽ նախագահ Արա Խզմալյանը:
Քննարկվել են ՀՀ կառավարության ծրագրերով ջրամբարաշինության ոլորտում իրականացված աշխատանքներն ու առաջիկա նախագծերը: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Եղվարդի ջրամբարի ծրագրի կարևորությանն ու հետագա իրականացման հարցերին:
Ջրային կոմիտեի նախագահ Ա. Ղալամքարյանը կարևորել է Հայաստանի ջրային ռեսուրսների ռազմավարական նշանակությունն ու դրանց նպատակային օգտագործման անհրաժեշտությունը։
Մ.Նալբանդյանը ներկայացրել է ջրամբարաշինական ընթացիկ ծրագրերը, ակնկալվող աշխատանքների ծավալային ցուցանիշները և միջազգային համագործակցությամբ իրականացվող աշխատանքներին շրջանակները: Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել նաև Սևանա լճի խնդիրներին և լճի ջրահավաք ավազանում կեղտաջրերի կառավարման ուղղությամբ մշակվող ծրագրերին: