Ջրի կորուստների նվազեցումը՝ համապետական օրակարգային խնդիր․ «Երևան» ՋՕԸ-ում նոր վարչական խորհուրդ է ձևավորվել
նոյեմբերի 03, 2025
Կայացել է «Երևան» ՋՕԸ-ի ներկայացուցիչների ժողովը, որի արդյունքում ձևավորվել է նոր վարչական խորհուրդ։
Ժողովը նվիրված էր նաև «Երևան» ՋՕԸ-ի գործունեության արդյունավետության բարձրացմանն ու առաջիկա ծրագրերի քննարկմանը, որին հրավիրված էր Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը։
Շնորհավորելով խորհրդի նորընտիր անդամներին՝ Կոմիտեի նախագահը կարևորել է նրանց դերակատարությունը ոլորտում ձևավորված դրական դինամիկան պահպանելու և զարգացնելու գործում:
Նա շեշտել է ջրի կորուստների նվազեցման և հավաքագրումների արդյունավետության բարձրացման առաջնահերթությունը՝ ընդգծելով, որ այդ ուղղություններով հետևողական աշխատանքը պետք է դառնա նոր խորհրդի հիմնական նպատակներից մեկը:
Կոմիտեի նախագահը նաև նկատել է, որ «Երևան» ՋՕԸ-ի վերջին ամիսների ցուցանիշները հուսադրող են, իսկ արդյունքների շարունակական բարելավումը հնարավոր կլինի պետական մարմինների և Ջրային կոմիտեի համատեղ աշխատանքի շնորհիվ։
Եզրափակելով իր խոսքը՝ Ջրային կոմիտեի նախագահը վստահություն է հայտնել, որ շարունակական բարեփոխումները կծառայեն այն նպատակին, որ Հայաստանի ջրային ռեսուրսները լինեն առավել կառավարելի և նպաստեն հանրային ու տնտեսական զարգացմանը։
«Երևան ՋՕԸ»-ի գործադիր տնօրենի ժ/պ Սերոբ Հարությունյանն էլ շնորհակալություն է հայտնել Ջրային կոմիտեի նախագահին համագործակցության և աջակցության համար, ընդգծելով՝ պետության ու Կոմիտեի օժանդակությունը կարևոր նախադրյալ է ինչպես համակարգային խնդիրների լուծման, այնպես էլ կայուն արդյունքների ապահովման համար։
Սերոբ Հարությունյանը հավելել է, որ ջրի կորուստների նվազեցումն այսօր համապետական օրակարգային խնդիր է, որի լուծումը «Երևան» ՋՕԸ-ի համար ևս առաջնահերթություն է: