Ջրի խնայողության մշակույթը՝ կրթական ծրագրերի հիմքում
մարտի 22, 2026
Մարտի 22-ին նշվում է Ջրի համաշխարհային օրը։ Ջրային կոմիտեի առաջարկով օրվա շրջանակում հանրապետության 348 հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացվել են թեմատիկ միջոցառումներ։
Միջոցառումների նպատակն էր՝ բարձրացնել ջրի՝ որպես կենսական և ռազմավարական նշանակություն ունեցող ռեսուրսի կարևորության վերաբերյալ հանրային իրազեկվածությունը, ինչպես նաև խթանել ջրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքն ու խնայողաբար օգտագործման մշակույթի ձևավորումը։
Մի շարք դպրոցներում իրականացվել և շարունակվում են թեմատիկ քննարկումներ ու բաց դասեր, ստեղծագործական մրցույթներ, ինչպես նաև աշակերտների մասնակցությամբ տարբեր ինտերակտիվ միջոցառումներ՝ ուղղված ջրի արժեքի գիտակցման բարձրացմանը և բնության պահպանության գաղափարների տարածմանը։
Կրթական հաստատությունների ակտիվ ներգրավմամբ իրականացվող միջոցառումները շարունակվում են՝ նպատակ ունենալով ապահովել օրվա ուղերձի առավել լայն տարածումը և երիտասարդ սերնդի շրջանում ջրային ռեսուրսների նկատմամբ գիտակցված ու պատասխանատու վերաբերմունքի ձևավորումը։
Լուսանկարների աղբյուր՝ ՀՀ կրթական հաստատությունների սոցիալական էջեր