Ջրային կոմիտեի նախագահը Ֆիլիպիններում մասնակցել է «Պարենային համակարգերի ֆորում 2026»-ին
ապրիլի 06, 2026
Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում մասնակցել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից կազմակերպված Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի «Պարենային համակարգերի ֆորում 2026»-ին։
«Սնել ապագան, պահպանել մոլորակը» խորագրով ֆորումը միավորել էր աշխարհի տարբեր երկրների ղեկավարների, համաշխարհային փորձագետների, զարգացման ոլորտի գործընկերների, մասնավոր հատվածի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ տարածաշրջանի համար դիմակայուն պարենային ապագա ձևավորելու նպատակով։
Ֆորումի բարձրաստիճան մասնակիցների թվում էին Բութանի վարչապետը, Պարենի համաշխարհային ծրագրի, Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության, Ասիական զարգացման բանկի տնօրենները։ Քառօրյա միջոցառման ընթացքում անդրադարձ եղավ ագրոպարենային համակարգերի վերափոխման հրատապությանը՝ պայմանավորված կլիմայի գլոբալ փոփոխությամբ, ջրային ռեսուրսների աստիճանական նվազմամբ, կենսաբազմազանության կորստով և պարենային անվտանգության խնդրով։
Ֆորումի շրջանակում ելույթով հանդես է եկել նաեւ Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը։ ՋԿ նախագահն անդրադարձել է ոլորտում Հայաստանի Հանրապետության որդեգրած քաղաքականությանն ու զարգացման ռազմավարական ուղղություններին, մասնավորապես՝ հարեւան երկրների հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում։ Ղալամքարյանը ներկաներին է ներկայացրել ձեռք բերված խաղաղության եւ առաջիկա տասնամյակներում այդ խաղաղությունը տարածաշրջանային ջրային համագործակցությանը ծառայեցնելու հնարավորությունը։
«Հայաստանի մոտեցումը հիմնված է այն համոզման վրա, որ ջրային ենթակառուցվածքների զարգացումը, ոռոգելի հողերի խոշորացումն ու ջրերի արդյունավետ կառավարումը պարենային համակարգի վերափոխման հիմքն է»,-նշել է ՋԿ նախագահը։ Ներկաներին դիմելով՝ նա հայտարարել է, որ Հայաստանը բաց է նոր գիտելիքի, նոր փորձի եւ հմտությունների առջեւ եւ պատրաստ է սովորել։
Ֆորումի շրջանակում Ջրային կոմիտեի նախագահն ունեցել է կարեւոր երկկողմ հանդիպումներ Ասիական զարգացման բանկի բարձրաստիճան պաշտոնյաների եւ այլ գործընկերների հետ։
Մասնավորապես՝ ԱԶԲ Գյուղատնտեսության, պարենի, բնության եւ գյուղական զարգացման ճյուղի տնօրեն պ-ն Ժիանֆենգ Ժանգի հետ հանդիպմանը կողմերն անդրադարձել են Հայաստանի եւ ԱԶԲ-ի համար համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք նախագծերի, այդ թվում՝ Գետիկի, Գառնահովիտի և Կարմիրգյուղի ջրամբարները, Կապսի ջրամբարը, Սեւանի ավազանի կեղտաջրերի մաքրումը, Եղվարդի ջրամբարը եւ Արարատյան արտեզյան ավազանը։ Ընդգծվել է ջրամբարների անվտանգության կրիտիկական կարեւորությունը. պ-ն Ժանգը նշել է, որ ԱԶԲ-ն կկարողանա դրամաշնորհային միջոցներ ուղղել այդ խնդրի հասցեագրմանը։
Ջրերի և քաղաքաշինության ճյուղի ավագ տնօրեն պ-ն Նորիո Սայտոյի եւ քաղաքաշինության հարցերով գլխավոր մասնագետ պ-ն Հիկարու Շոջիի հետ ՋԿ նախագահը քննարկել է Սեւանա լճի ավազանում կեղտաջրերի մաքրման լայնամասշտաբ ծրագրի նախապատրաստական աշխատանքները, մասնավորապես՝ ԱԶԲ-ի կողմից տրամադրված տեխնիկական աջակցության շրջանակում նախագծանախահաշվային փաթեթի կազմմանը։ Ղալամքարյանն ԱԶԲ գործընկերներին է ներկայացրել նաեւ Ջրային կոմիտեին կից հետազոտական կենտրոնի ստեղծման նախագիծը։
Ջրային դիմակայունության ավագ մասնագետ տ-ն Տանյա Հուիզը պ-ն Ղալամքարյանին է ներկայացրել ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող «Երիտասարդ փորձագետ» ծրագիրը, որի շրջանակում շահառու երկրներ գործուղվում է որեւէ փորձագետ, որը, տեղացի մեկ փորձագետի հետ միասին, մեկ տարի շարունակ աշխատում է տվյալ երկրում։ Ղալամքարյանն արտահայտել է Ջրային կոմիտեի հետաքրքրվածությունը՝ հյուրընկալելու ջրային ոլորտի որեւէ բարձրորակ փորձագետի եւ նրան կցելու տեղացի երիտասարդ մասնագետի։
«OneWater» կազմակերպության ներկայացուցիչներ պ-ն Պոլ Տոմայի, տ-ն Քսենիա Գոնյաևայի եւ տ-ն Ջուդիթ Կորենի հետ քննարկումը ծավալվել է Հայաստանի գետային ավազանների եւ Սեւանա լճի խնդիրների ուսումնասիրման եւ վիզուալիզացման հնարավոր նախագծի շուրջ։ Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները եւ, համապատասխան ֆինանսավորման առկայության դեպքում իրականացնել նման նախագիծ։
«Պարենային համակարգերի ֆորում 2026»-ին Ջրային կոմիտեի նախագահի մասնակցությունը նոր մակարդակ տեղափոխեց ՋԿ-ԱԶԲ շփումներն ու համագործակցությունը, որի արդյունքները միջնաժամկետ եւ երկարաժամկետ հատվածներում ապահովելու են առանցքային արդյունքներ Հայաստանի ջրային ոլորտի համար։