Նորություններ

«Հայաստան․ Դիմակայուն Սյունիք» ծրագրի մեկնարկային աշխատաժողով Ջրային կոմիտեում

փետրվարի 05, 2026

Այսօր Ջրային կոմիտեում տեղի ունեցավ «Հայաստան Դիմակայուն Սյունիք» ծրագրի ջրամատակարարման բաղադրիչի մեկնարկային աշխատաժողովը։

Աշխատաժողովը շարունակությունն էր սույն թվականի փետրվարի 4-ին Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ), Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Ջրային կոմիտեի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջև «Հայաստան Դիմակայուն Սյունիք» ծրագրի շրջանակում կնքված՝ խորհրդատվական ծառայությունների վերաբերյալ համագործակցության հուշագրի։

Քննարկմանը մասնակցում էին ինչպես հուշագիրը ստորագրող և նախաձեռնող կողմերը, այնպես էլ շահառու կողմերը, մասնավորապես՝ Սյունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարը, Գորիսի, Սիսիանի, Կապանի, Քաջարանի, Տեղի, Տաթևի և Մեղրիի համայնքապետարանների ներկայացուցիչները։

ԵՆԲ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակում տրամադրվող տեխնիկական աջակցության արդյունքում նախատեսվում է ուսումնասիրել Սյունիքի մարզում նախապես ինդիկատիվ ընտրված շուրջ 55 բնակավայրերի ջրամատակարարման համակարգերը և մշակել իրագործելի ջրամատակարարման նախագծեր՝ տեխնիկական և ֆինանսական գնահատականներով։

Խմելու ջրի բաղադրիչն այս ծրագրի երեք բաղադրիչներից մեկն է, որն ուղղված է Սյունիքի մարզի բնակչության համար հուսալի և անվտանգ խմելու ջրամատակարարման հասանելիության բարելավմանը, համայնքների սոցիալ-տնտեսական դիմակայունության բարձրացմանը, տեղահանված և տեղակայված ընտանիքների ինտեգրմանը, եւ ենթակառուցվածքների զարգացման միջոցով կայուն տնտեսական աճի խթանմանը։

Ծրագրի իրականացումը բխում է ՀՀ կառավարության 2021–2026 թթ. ծրագրի առաջնահերթություններից («Ջրային տնտեսություն», «Էներգետիկա», «Զբոսաշրջություն», «Առողջապահություն») և ուղղված է ենթակառուցվածքների արդիականացմանն ու համայնքների դիմակայունության ամրապնդմանը։