Նորություններ

Տեղի ունեցավ Ջրային կոմիտեի 25-ամյակին նվիրված միջոցառումը

փետրվարի 23, 2026
Այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի դահլիճում տեղի ունեցավ Ջրային կոմիտեի ձևավորման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառում, որին մասնակցում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, օրենսդիր և գործադիր մարմինների, ինչպես նաև միջազգային եւ այլ գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։
ՀՀ վարչապետը շնորհավորեց ներկաներին օրվա առիթով և հանդես եկավ ելույթով, որում, մասնավորապես, անդրադարձավ ջրային ոլորտի խնդիրներին։ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ ջրի նկատմամբ մեր վերաբերմունքը ենթակա է էական փոփոխության։
Երկրի ղեկավարը նաև ընդգծեց գյուղատնտեսության նկատմամբ մոտեցումները փոխելու անհրաժեշտությունն ու կարևորությունը՝ նշելով, որ անհրաժեշտ է խնդիր դնել, որպեսզի Հայաստանում չոռոգվող գյուղատնտեսական նշանակության հող այլևս չլինի, և տարբեր նշանակության այլ հողեր վերածվեն այգիների։ Նա հավելեց, որ այսօրվա Հայաստանում բավարար ջրային ռեսուրս կա, և փորձագիտական գնահատականներով՝ երկրում տարեկան ձևավորվում է 5–7 միլիարդ խորանարդ մետր ջրային ռեսուրս։
Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը հանդես եկավ ողջույնի խոսքով՝ շնորհակալություն և գնահատանքի խոսք ուղղելով երկրի ղեկավարներին՝ Ջրային կոմիտեի հոբելյանին նվիրված միջոցառումն իրենց բարձր ներկայությամբ պատվելու համար։ ՋԿ ղեկավարն իր խոսքում ընդգծեց՝ Հայաստանի ջրային ոլորտի հաջորդ 25 տարին մեկնարկում է այսօ՛ր։ Եվ այսօր ես ցանկանում եմ շեշտել տեր լինելու կարևորությունը։ Տեր լինել ոչ միայն խոսքով, կենացներով, այլև ամենօրյա քրտնաջան աշխատանքով, սրտացավությամբ, լուռ ու համառ, համբերատար ջանքով՝ դրա առանցքում դնելով մարդուն և բնությունը։
Այսօր, այս պատասխանատու հանգրվանին, որպես Ջրային կոմիտեի նախագահ, ցանկանում եմ բարձրաձայնել մի քանի հավակնոտ, բայց մեր երկրի ու ժողովրդի ապագայի համար էական նշանակություն ունեցող հանձնառությունների մասին, որոնք ուղղակիորեն բխում են Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինից, և որոնք մենք, կառավարության գործընկերների հետ համատեղ, իրականացնելու ենք մինչև 2031 թվականը.
  • Սեւանա լճից ջրառի տարեցտարի կրճատում
  • 10 նոր ջրամբարի կառուցման մեկնարկ, Կապսի ջրամբարի շինարարության ավարտ, Եղվարդի ջրամբարի նախագծի թարմացում
  • Սևանա լճի ավազանում կեղտաջրերի մաքրման կայանների արդիականացում, կոյուղատար համակարգերի կառուցում
  • 350 կմ ջրանցքների և խողովակաշարերի կառուցում և վերակառուցում
  • ոռոգման ապահովում 10 հազար հեկտար նոր հողերի համար
  • 24-ժամյա ջրամատակարարում Երևանում, Գյումրիում և Վանաձորում
  • պետական գիտահետազոտական և նախագծային կենտրոնի ստեղծում
  • հանրապետական հիդրոենթակառուցվածքների աուդիտ
  • ջրախնայողության հարցում հանրային մտածելակերպի ու վարքագծի փոփոխություն։
Ամփոփելով ելույթը՝ ՋԿ նախագահը հավելեց, որ դժվար է լինելու վերը թվարկվածն իրականություն դարձնելը, սակայն չի կասկածում, որ երկրի բարձր ղեկավարության կողմից ցուցաբերվող հսկայական աջակցության, առկա կամքի և ռեսուրսների ճշգրիտ տեղաբաշխման դեպքում Ջրային կոմիտեն պատրաստ է ապահովել նշված արդյունքները։
Միջոցառման ավարտին ՀՀ վարչապետը պարգևներ և շնորհակալագրեր հանձնեց ջրային ոլորտում ավանդ ներդրած մի շարք անձանց։