Նորություններ

Ջրային ոլորտի մարտահրավերներն ու լուծումները. քննարկում ՀԿ-ների մասնակցությամբ

մայիսի 11, 2026

Այսօր Ջրային կոմիտեն հյուրընկալել էր ջրային ոլորտին առնչվող գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև հանրային և բնապահպանական քաղաքացիական նախաձեռնությունների ակտիվ անդամներին։

Հանդիպում-քննարկման նպատակն էր ներկայացնել ոլորտում իրականացվող աշխատանքները, բարձրացնել իրազեկվածության մակարդակը և քննարկել համագործակցության հնարավոր շրջանակները։ 

Հանդիպման ընթացքում մասնակիցներին է ներկայացվել Ջրային կոմիտեի դերը, գործառույթները, առաջնահերթությունները, ինչպես նաև ՋԿ-ի մասնակցությամբ և աջակցությամբ իրականացված, ընթացիկ ու նախատեսվող խոշոր ծրագրերը։ 

Այնուհետև անդրադարձ է կատարվել ոլորտի արդիական խնդիրներին և մարտահրավերներին: Ներկաները բարձրացրել են իրենց մտահոգող հարցերը ոլորտային խնդիրների վերաբերյալ: Միաժամանակ ներկայացվել են առաջարկություններ և դիտարկումներ՝ ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով։

Կարևորելով հանրային իրազեկման, վերլուծական աշխատանքի և քաղաքացիական հասարակության մասնակցության դերը՝ Ջրային կոմիտեն շահագրգիռ կողմերին է ներկայացրել բաց և շարունակական համագործակցության հնարավոր ուղղություններ, մասնավորապես՝

  • հանրային իրազեկման բարձրացում և տեղեկատվության տարածում,
  • ոլորտային գործընթացների մոնիթորինգ և վերահսկողություն, 
  • կրթական և իրազեկման ծրագրերի իրականացում, 
  • համայնքային զարգացման և մասնակցային ծրագրերի խթանում և այլն։