Պաշտպանելով Սևանա լիճը. կայուն լուծումներ և ներդրումային ռազմավարություններ» խորագրով աշխատաժողով
մարտի 27, 2025
Պաշտպանելով Սևանա լիճը. կայուն լուծումներ և ներդրումային ռազմավարություններ» խորագրով աշխատաժողովը կազմակերպվել էր Ջրային կոմիտեի, Շրջակա միջավայրի նախարարության և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) համագործակցությամբ։ Միջոցառմանը մասնակցում էին պետական պաշտոնյաներ, միջազգային ու տեղական փորձագետներ, բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներ և քաղաքացիական հասարակության անդամներ։
Բացման խոսքով հանդես եկան Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ, կոմիտեի նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Մարտիրոս Նալբանդյանը, Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, ԱԶԲ-ի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոնալդ Լամբերտը, առաքելության ներկայացուցիչ Վարդան Կարապետյանը։ Մարտիրոս Նալբանդյանը, ողջունելով ծրագրային նման մասնակցային հարթակները, նշեց, որ այն միշտ նպաստում է գտնել առավել արդյունավետ լուծումներ։
Այնուհետև նա անդրադարձ կատարեց ԱԶԲ-ի հետ վերջին տարիների համագործակցությանը, որի շրջանակներում մշակվել են մի շարք ծրագրային ուղղություններ, որոնցից մեկը, որը նաև ներկայացվեց և քննարկվեց միջոցառման շրջանակներում, նպատակ ունի երկարաժամկետ հեռանկարում հիմնարար լուծումներ առաջարկել Սևանա լճի ավազանում կեղտաջրերի կառավարման հարցերում։ Կարևորելով համագործակցության շարունակականությունը, նշվեց, որ ներկայումս իրականացվող հետազոտություններին հաջորդելու է կոնցեպտուալ լուծումների մշակման ծրագիրը, որի հիման վրա կնախագծվեն կոնկրետ ներդրումային ծրագրեր։ Այդ ծրագրերը կապահովեն այնպիսի գործիքակազմ, որը թույլ կտա իրակացնել հանդիպման խորագրում հիշատակված ներդրումային ռազմավարությունները։
Պանելային քննարկման ընթացքում Ջրային կոմիտեի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վարչության խորհրդական Գեղամ Տեր-Գրիգորյանը, անդրադառնալով Սևանա լճի ավազանում կեղտաջրերի կառավարման հարցերին, շեշտեց, որ Սևանի երեք մաքրման կայանների արդիականացումը ոլորտի առաջնահերություններից է, և այս համատեստքում կարևորվում է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը։
Աշխատաժողովի ավարտին ամփոփվեցին քննարկումների հիմնական արդյունքները և ներկայացվեցին հաջորդ քայլերը՝ ուղղված Սևանա լճի պահպանությանն ու կլիմայադիմակայուն զարգացման ապահովմանը։