Նորություններ

Շենիկ ՋՕԸ

մարտի 06, 2026

Ջրային կոմիտեի նախագահը Արմավիրի մարզում հետևել է ոռոգման համակարգերի գարնան նախապատրաստական աշխատանքներին

Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանն աշխատանքային այց է կատարել Արմավիրի մարզ, մասնավորապես՝ «Շենիկ» ջրօգտագործողների ընկերություն (ՋՕԸ)՝ տեղում ծանոթանալու ոռոգման համակարգերի գարնան նախապատրաստական աշխատանքների ընթացքին։

Այցի շրջանակում կոմիտեի նախագահը «Շենիկ» ՋՕԸ-ի տնօրեն Սամվել Սարգսյանի և ոլորտի պատասխանատուների հետ հետևել է ջրանցքների մաքրման, դրանց տեխնիկական վիճակի բարելավման, ինչպես նաև ընթացիկ վերանորոգման և վերականգնման աշխատանքներին։

Այցի ընթացքում պաշտոնյաները շրջել են «Շենիկ» ՋՕԸ-ի սպասարկման տարածքով, ծանոթացել տեղում հիմնվող և արդեն իսկ ձևավորված ինտենսիվ այգիների զարգացման ընթացքին, դիտարկել կառուցված և կառուցման փուլում գտնվող օրվա կարգավորման ջրավազանները։ Մասնավորապես, պաշտոնյաները հյուրընկալվել են «Վանանդ Ագրո» ընկերության կողմից, տեղում հետեւել ընթացիկ աշխատանքներին։

Ղալամքարյանն ընդգծել է, որ ինտենսիվ այգիների ընդլայնումը բխում է Հայաստանի Հանրապետության ռազմավարական գերակայություններից, որը, սակայն, պահանջում է կայուն և հուսալի ոռոգման համակարգեր։

Աշխատանքային այցի ավարտին ՋՕԸ ղեկավար կազմը հավաստիացրել է, որ ոռոգման սեզոնին ընդառաջ՝ գարնանային նախապատրաստական աշխատանքները պատշաճ ձեւով իրականացվելու են՝ ապահովելու անխափան ջրամատակարարում գյուղատնտեսական տնտեսություններին։