Նորապատի կոյուղու վթարի հետքերով. Ջրային կոմիտեի նախագահն աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր
հոկտեմբերի 16, 2025
Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը հոկտեմբերի 15-ին աշխատանքային այցով գտնվում էր Արմավիրի մարզի Մեծամոր, Նորապատ, Հովտաշատ համայնքներում և Արմավիր ՋՕԸ-ում:
Ջրային կոմիտեի նախագահը «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի տնօրեն Մարիաննա Շահինյանի, Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի և ոլորտային պատասխանատու մի շարք անձանց ուղեկցությամբ, եղել է Նորապատում վթարված կոյուղատար համակարգի տարածքում և տեղում հետևել վերականգնման աշխատանքների ընթացքին։ Այցից ժամեր անց, «Վեոլիա Ջուր» ընկերության ջանքերով, խցանված կոյուղատարն արդեն բացվել է։
Այցի շրջանակում Ղալամքարյանը ծանոթացել է նաև «Մելիորացիա» ՓԲԸ-ի կողմից սպասարկվող՝ մասնավորապես Մեծամոր և Հովտաշատ բնակավայրերով անցնող կոլեկտրոդրենաժային համակարգերում կատարվող աշխատանքերին։
Ջրային կոմիտեի նախագահն այցելել է նաև Արմավիր ՋՕԸ, որտեղ ղեկավար կազմի հետ քննարկվել են ոռոգման համակարգերի կառավարման արդյունավետության բարձրացման, ջրային ռեսուրսների կայուն օգտագործման, ինչպես նաև մատուցվող ծառայությունների որակի բարելավման և դրանց դիմաց հավաքագրումների մակարդակի բարձրացման հնարավորությունները։
Հատուկ ուշադրություն է դարձվել ջրամատակարարման համակարգերի տեխնիկական վիճակին, ընթացիկ վերականգնման և բարելավման ծրագրերին, որոնք կհանգեցնեն ոռոգման ջրի կորուստների նվազեցման։
Ջրային կոմիտեն շարունակելու է ակտիվ և հետևողական աշխատանքը՝ ուղղված մարզերում ջրային ենթակառուցվածքների կայուն զարգացմանն ու առավել արդյունավետ շահագործմանը։