«Հայաստան․ Դիմակայուն Սյունիք» ծրագրի մեկնարկային աշխատաժողով Ջրային կոմիտեում
փետրվարի 05, 2026
Այսօր Ջրային կոմիտեում տեղի ունեցավ «Հայաստան․ Դիմակայուն Սյունիք» ծրագրի ջրամատակարարման բաղադրիչի մեկնարկային աշխատաժողովը։
Աշխատաժողովը շարունակությունն էր սույն թվականի փետրվարի 4-ին Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ), Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Ջրային կոմիտեի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջև «Հայաստան․ Դիմակայուն Սյունիք» ծրագրի շրջանակում կնքված՝ խորհրդատվական ծառայությունների վերաբերյալ համագործակցության հուշագրի։
Քննարկմանը մասնակցում էին ինչպես հուշագիրը ստորագրող և նախաձեռնող կողմերը, այնպես էլ շահառու կողմերը, մասնավորապես՝ Սյունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարը, Գորիսի, Սիսիանի, Կապանի, Քաջարանի, Տեղի, Տաթևի և Մեղրիի համայնքապետարանների ներկայացուցիչները։
ԵՆԲ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակում տրամադրվող տեխնիկական աջակցության արդյունքում նախատեսվում է ուսումնասիրել Սյունիքի մարզում նախապես ինդիկատիվ ընտրված շուրջ 55 բնակավայրերի ջրամատակարարման համակարգերը և մշակել իրագործելի ջրամատակարարման նախագծեր՝ տեխնիկական և ֆինանսական գնահատականներով։
Խմելու ջրի բաղադրիչն այս ծրագրի երեք բաղադրիչներից մեկն է, որն ուղղված է Սյունիքի մարզի բնակչության համար հուսալի և անվտանգ խմելու ջրամատակարարման հասանելիության բարելավմանը, համայնքների սոցիալ-տնտեսական դիմակայունության բարձրացմանը, տեղահանված և տեղակայված ընտանիքների ինտեգրմանը, եւ ենթակառուցվածքների զարգացման միջոցով կայուն տնտեսական աճի խթանմանը։
Ծրագրի իրականացումը բխում է ՀՀ կառավարության 2021–2026 թթ. ծրագրի առաջնահերթություններից («Ջրային տնտեսություն», «Էներգետիկա», «Զբոսաշրջություն», «Առողջապահություն») և ուղղված է ենթակառուցվածքների արդիականացմանն ու համայնքների դիմակայունության ամրապնդմանը։