Նորություններ

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում մեկնարկեցին «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրիը

ապրիլի 28, 2025

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում մեկնարկեցին «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի չորրորդ բաղադրիչով նախատեսված ՋՕԸ-ների և «Ջրառ» ՓԲԸ-ի՝ ջրի պլանավորման և կառավարման, շահագործման և պահպանման, իրացման, ջրաչափության և այլ տեխնիկական բնույթի, հաշվապահական հաշվառման և ֆինանսական կառավարման գործառույթներով զբաղվող մասնագետների, գործադիր մարմինների վարչական անձնակազմերի, ինչպես նաև Ջրային կոմիտեի՝ ՋՕԸ-ների գործունեությունը կանոնակարգող մասնագետների որակավորման դասընթացները։ Եռամսյա դասընթացը ներառում է ինչպես տեսական, այնպես էլ գործնական պարապմունքներ։

2015 թվականի հոկտեմբերի 16-ից ՀՀ կառավարությունն իրականացնում է «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագիրը՝ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Ծրագիրը նպատակաուղղված է ոռոգման համակարգերի արդիականացմանն ու ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: Ծրագրի վերջնական նպատակներն են՝ բարձրացնել ոռոգման համակարգերի արդյունավետությունը, ընդլայնել ոռոգվող հողատարածքները, զարգացնել ջրօգտագործողների ընկերությունների կառավարման ներուժը և բարելավել տեխնիկական զինվածությունը:

Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Վաչազդատ Մկրտչյանը, ողջունելով նախաձեռնությունը, շեշտեց, որ գյուղատնտեսությանը զարկ տալու համար պետք է մեկ կաթիլ ջուրն անգամ օգտագործել նպատակային, իսկ այդ համատեքստում խիստ կարևորվում է ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը։ Շնորհակալություն հայտնելով դասընթացը կազմակերպած աշխատանքային թիմին մանրակրկիտ, հետևողական պլանավորման համար, Վ Մկրտչանը նշեց «Այսօր հրամայական է, որպեսզի համակարգի կառավարման խնդիրները և դրանց լուծումները լինեն թիրախային, ինչը և արվել է աշխատանքային խմբի կողմից։ Սա նշանակում է, որ ակնկալվող արդյունքները կլինեն տեսանելի»: Նա կարևորեց նաև հանգամանքը, որ տեխնիկական գործնական դասընթացները կազմակերպվելու են տեղում՝ ոռոգման գործընթացներին զուգահեռ։

Միջոցառմանը ներկա էին և ողջույնի խոսքով հանդես եկան նաև ՄԱԿ-ի Պարենի Համաշխարհային Ծրագրի գրասենյակի ղեկավար Նաննա Սկաուն, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչ, ծրագրի համակարգող Արթուր Բաղդասարյանը։